ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Առաջարկվում է ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի թեկնածուի ընտրության կարգի մանրամասները սահմանելու մասին» N 111-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կարգում կատարել փոփոխություններ՝
Կառավարչի ընթացիկ ծանրաբեռնվածությունը որոշելու համար վերջինիս վարույթում գտնվող ընթացիկ գործերի քանակի փոխարեն կիրառել պարտապանի ակտիվների և/կամ պարտատերերի պահանջների մակարդակը, որը կարելի է գործնականում իրագործել հետևյալ մոտեցումներով՝
1. յուրաքանչյուր կառավարիչ պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը էլեկտրոնային եղանակով նախարարությանը ծանուցել տվյալ ամսվա մեկի դրությամբ իր վարույթում առկա ընթացիկ սնանկության գործերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1.1) յուրաքանչյուր սնանկության գործով դատարանի որոշմամբ հաստատված պահանջների վերջնական ցուցակում ընդգրկված պահանջների գումարային մեծությունը՝ ըստ յուրաքանչյուր սնանկության գործի, նշելով գործի հերթական համարը. (պահանջների մեջ չի ներառվում ապահովված իրավունքի առարկայի արտադատական կարգով իրացման թույլտվություն ստացած պարտատիրոջ համապատասխան պահանջը):
1.2) վերոնշյալ 1.1 կետին համապատասխան ներկայացված յուրաքանչյուր գործով՝ պարտապանի գույքագրված ակտիվների արժեքային մեծությունը՝ իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ, նշելով յուրաքանչյուր սնանկության գործի հերթական համարը: (Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում՝ ա) այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել, բ) արտադատական կարգով իրացման թույլտվություն ստացած ապահովված իրավունքի առարկայի արժեքը):
* 1.2.1 Մինչև վերջնական ցուցակի հաստատումը պարտապանի ակտիվները գույքագրված չլինելու կամ դրանց արժեքային մեծությունը հայտնի չլինելու դեպքում՝ կատարվում է նշում այդ մասին:
1.3) այն գործերով, որոնցով դեռևս առկա չէ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշում՝ պահանջների նախնական ցուցակում ընդգրկված պահանջների գումարային մեծությունը՝ ըստ յուրաքանչյուր սնանկության գործի՝ նշելով գործի հերթական համարը.
2. յուրաքանչյուր կառավարչի համար հաշվարկվում է վերջինիս կողմից ներկայացված բոլոր գործերով 1.1, 1.2, 1.3 կետերում նշված գումարների ընդհանուր մեծությունները՝ առանձին-առանձին:
3. այն գործերով որոնցով առկա են 1.1 և 1.2 կետերում նշված ցուցանիշները, յուրաքանչյուր կառավարչի համար՝ վերջնական ցուցակներում ընդգրկված պահանջների ընդհանուր գումարից (կետ 1.1) և ակտիվների արժեքային մեծության ընդհանուր գումարից (կետ 1.2) ընտրվում է այն գումարի մեծությունը, որն ավելի փոքր է:
4. յուրաքանչյուր կառավարչի համար՝ 3-րդ կետով որոշված մեծությունը գումարվում է 1.3 կետում նշված մեծությանը, որին գումարվում է նաև 1.2.1 կետով նախատեսված գործերով՝ 1.1 կետի ցուցանիշը:
5. Կազմվում է կառավարիչների հերթական ցանկ՝ ըստ նախորդ 4-րդ կետում նշված գումարների մեծությունից՝ փոքրից մեծ սկզբունքով:
6. Կառավարչի թեկնածու ներկայացնելու վերաբերյալ պահանջագրերի հիման վրա կազմվում է գործերի հերթական ցանկ՝ ըստ գրանցված պահանջների չափերի՝ մեծից փոքր սկզբունքով:
7. բաշխման ենթակա գործերը բաշխվում են հետևյալ սկզբունքով՝
7.1) գործերի ցանկից 1-ին տեղում գրանցված գործը (նաև հաջորդական մյուս գործերը՝ մինչև 7.2 կետի պայմանի գործելը) հանձնվում է կառավարիչների հերթական ցանկի 1-ին տեղում գրանցված կառավարչին,
7.2) կառավարիչների հերթական ցանկից հաջորդ կառավարչին հանձնվում է հերթական գործ միայն այն դեպքում, երբ կառավարիչների հերթական ցանկում նախորդ կառավարչի դիրքը՝ իրեն հանձնված գործերով պահանջների մեծության չափի հաշվառմամբ, հավասարվել կամ գերազանցել է հաջորդ կառավարչի ունեցած դիրքին.
8. անկախ 7-րդ կետի պահանջներից՝ յուրաքանչյուր օրվա ընթացքում կատարվող գործերի բաշխման ընթացքում յուրաքանչյուր կառավարչի չի կարող հանձնվել 1-ից ավել գործ, յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում՝ 3-ից ավել գործ, իսկ ամսվա ընթացքում՝ 8-ից ավել գործ (թվերը վերցվել են հիմնվելով վիճակագրության և այլ ցուցանիշների վրա, կարելի է նաև վերանայել):
9. Գործերի բաշխման տարածքային սկզբունքի պահպանման արդյունավետության համար կարելի է կիրառել հետևյալ մոտեցումը՝
8-րդ կետում նշված՝ ամսվա առավելագույն գործերի քանակը կրճատվում է հետևյալ չափերով՝
Միայն Երևան քաղաքը ընտրած կառավարիչների համար – 4 անգամ
Միայն Երևան քաղաքը և միաժամանակ Արարատ, Կոտայք, Արագածոտն, Արմավիր մարզերից մեկը կամ մի քանիսը ընտրած կառավարիչների համար – 2 անգամ (հիմնվելով վիճակագրության վրա կարելի է թվերը փոխել):
10. եթե տվյալ պահանջագրով պարտապանի վայրին համապատասխանող տարածք որևէ կառավարիչ չի ընտրել (կամ որպես սպասարկման տարածք չի որոշվել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը), ապա անկախ 7-9 կետերի պահանջներից, տվյալ գործի բաշխումը կատարվում է պատահականության սկզբունքով՝ ծրագրում ներառված բոլոր կառավարիչների ցանկից:
11. թափանցիկության ապահովման նպատակով ամփոփ ձևով հրապարկվում են 1-ին կետում նշված տեղեկությունները:
Հարցեր առաջարկի վերաբերյալ՝
Հարց 1. - Ինչու է կառավարչի ընթացիկ ծանրաբեռնվածության որոշման համար կիրառվում նաև 1.3 կետով նախատեսված՝ նախնական ցուցակում ընդգրկված պահանջների մեծությունը.
Պատասխան՝ - քանի որ մինչև պահանջների վերջնական ցուցակի հաստատումը հնարավոր չէ բացահայտել պահանջների իրական մեծությունը, ինչպես նաև՝ պարտապանի ակտիվների կազմն ու չափը, հետևաբար ողջամիտ է ղեկավարվել այն կանխավարկածով, որ պարտապանի ակտիվները առնվազն հավասար կամ ավել են մինչև վերջնական ցուցակի հաստատումը ի հայտ եկած բոլոր պահանջների մեծությունից: Նման ողջամիտ ենթադրությունը անհրաժեշտ է, որպեսզի հետագայում եթե հաստատվի այդ ենթադրությունը, ապա մյուս կառավարիչների շահերի խախտում տեղի չունենա, իսկ եթե այդ ենթադրությունը չհաստատվի, ապա տվյալ կառավարչի շահերի էական խախտում ևս առկա չի լինի, քանի որ այդ գործերով պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո կկատարվի տվյալ կառավարչի ցուցանիշների ճգրտում:
Հարց 2. - Ինչու է կառավարչի ընթացիկ ծանրաբեռնվածության որոշման համար 1.2.1 կետով նախատեսված դեպքում կիրառվում 1.1 կետով նախատեսված՝ վերջնական ցուցակում ընդգրկված պահանջների մեծությունը.
Պատասխան՝ - “Սնանկության մասին” ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Գույքի մեծ ծավալների կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել գույքագրման ժամկետը ողջամիտ ժամկետով: Կառավարչի պահանջով պարտապանը (պարտապանի ներկայացուցիչը) պարտավոր է ներկա լինել և աջակցել գույքագրմանը:
2. Գույքագրումը պետք է ընդգրկի պարտապանին պատկանող ամբողջ գույքը, ներառյալ` երրորդ անձանց համար կատարված, սակայն չվճարված աշխատանքները և ծառայությունները, ինչպես նաև պարտապանի տիրապետման ներքո գտնվող իրերը: Վերջիններս չեն կարող օտարվել մինչև դրանց սեփականության իրավունքի հարցի պարզումը: Գույքագրման փաստաթղթերում նշվում է գույքագրման պահին գույքի հաշվեկշռային արժեքը (հայտնի լինելու դեպքում):
“Սնանկության մասին” ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի համաձայն՝
1. Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
6. Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):
Նշված դրույթներից բխում է, որ պարտապանի ակտիվների գույքագրման արդյունքները պետք է պատրաստ լինեն մինչև վերջնական ցուցակի հաստատումը, կամ առնվազն նույն ժամկետներում, սակայն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն կարող է ողջամտորեն երկակարաձգվել:
Ինչ վերաբերվում է գնահատումներին. օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթադրվում է, որ միաժամանակ պետք է կատարվի գույքագրված ակտիվների գնահատումները, սակայն հաշվի առնելով, որ օրենքով գնահատումների իրականացման կոնկրետ ժամկետ չկա նշված՝ հնարավոր է, որ մինչև վերջնական ցուցակի հաստատումը գնահատումները ամբողջությամբ կամ մասնակի կատարված չլինեն:
Կառավարիչների հավասարակշռված շահերի ապահովման տեսանկյունից այս դեպքում ևս գործում է 1-ին հարցի պատասխանում նշված ենթադրությունը:
*Նշում՝
1. Համաձայն հաշվապահական հաշվառման կանոնների՝ գույքագրումների պարտադիր տարր է հանդիսանում գույքագրված միավորների արժեքների նշումը (օրինակ՝ կարելի է նայել ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 02.06.2000թ. N 102 հրամանը ):
2. Սնանկության ոլորտում գնահատումները գործնականում կատարվում են գույքագրումների ժամանակ, որը ողջամիտ է՝ թե ծախսատարության, թե ժամանակատարության առումով , քանի որ գնահատում ների ժամանակ ևս կատարվում են գույքագրումն ընդգրկող գրեթե բոլոր գործառույթները, (այս մասին առկա է տեղեկություն հավակնորդների ուսուցման դասընթացում, թեման՝ «Պարտապանի գույքը և դրա իրացման կարգը», դասընթացավար՝ Տիգրան Սահակյան):
Արդյունքը՝
1. Կառավարիչների ծանրաբեռնվածության որոշումը /գործերի բաշխումը/ իրապես հիմնված կլինի «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կառավարչի համար սահմանված աշխատանքի հատկանիշների վրա.
2. Կապահովվի կառավարիչների միջև արդարությունն ու հավասարությունը՝ թե աշխատանքների ողջամիտ ծանրաբեռնվածություն ունենալու, թե արժանապատիվ վարձատրվելու առումով.
3. Կապահովվի գործերի բաշխման օբյեկտիվությունը՝ կախվածության մեջ չդնելով պատահականություններից, ծրագրային ալգորիթմները մշակող անձանց կամքից, էական նշանակություն ունեցող հարցերը վիճակ հանելու կարգով լուծելուց և այլն:
4. Կապահովվի գործերի բաշխման թափանցիկությունը՝ վերացնելով ծրագրի վիճակահանության ալգորիթմների, դրանց հնարավոր միջամտությունների վերաբերյալ անհայտությունները.
5. Սնանկության գործերի ընթացքը ողջամտորեն արագացնելու խթան կհանդիսանա.
Հիմնավորումներ՝
Ծրագրի կիրառմամբ՝ կառավարչի վարույթում գտնվող ընթացիկ գործերի քանակի հիմքով վերջինիս ընթացիկ ծանրաբեռնվածության որոշումը, հետևաբար և կոնկրետ գործով կառավարչի ընտրությունը (գործերի բաշխումը)՝
1. ունի ինչպես ներքին հակասություն, այնպես էլ հակասություն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի հետ,
2. չունի սոցիալական արդարության ուղղվածություն,
3. այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին:
Դիտարկում 1՝ Հակասությունների վերաբերյալ.
Ա) Բացառապես գործերի քանակով չի կարող որոշվել կառավարչի ընթացիկ ծանրաբեռնվածությունը, հետևաբար և, գործերի քանակով չի կարող և չպետք է որոշվի կառավարչին նոր գործեր բաշխելու /վերապահելու/ հարցը:
Կառավարչի ծանրաբեռնվածության որոշումը իրավական արդարացի պահանջ է՝ կառավարիչների միջև գործերի բաշխում կատարելու համար, և նման պահանջի կատարումը չի կարող պայմանավորվել այնպիսի հանգամանքով (գործերի քանակով), որն ուղղակի նշանակություն չունի (անուղղակի ազդեցությամբ կարող է որոշակի նշանակություն ունենալ կամ չունենալ), այսինքն՝ առկա է պարզ տրամաբանական հակասություն, հետևաբար, այն չի կարող համարվել օրինական՝ չծառայելով իրավական պահանջի իրագործված լինելու նպատակին:
Գործերի քանակը կառավարչի ընթացիկ ծանրաբեռնվածության համար կարող է հանդես գալ բացառապես լրացուցիչ /ֆակուլտատիվ/ հայտանիշ, որի առկայությունը կարող է կամ չի կարող պայմանավորել հիմնական հայտանիշների առկայությունը:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծառայությունների մատուցման ոլորտում ծանրաբեռնվածության որոշման ընդունված և լայնորեն կիրառվող հայտանիշ է ողջամիտ «աշխատաժամը» կամ «աշխատատարությունը»:
Ծառայությունների մատուցման տարբեր ոլորտներում գործառույթների կատարման համար անհրաժեշտ «աշխատաժամը» կամ «աշխատատարությունը» որոշվում է տարբեր կերպ, ելնելով ծառայությունների բովանդակությունը կազմող աշխատանքների բնույթից և առանձնահատկություններից:
«Աշխատաժամի» կամ «աշխատատարության» վրա հիմնված՝ կառավարչի ընթացիկ ծանրաբեռնվածության որոշման համար պետք է հաշվի առնել օրենսդրությամբ կառավարիչներին վերապաված հիմնական լիազորություններն ու գործառույթները և դրանց աշխատատարությունը:
Հաշվի առնելով կառավարիչների գործունեության առանձնահատկությունները՝ ակնհայտորեն կառավարիչների կողմից իրականացվող գործառույթների «աշխատատարության», այսինքն՝ ընթացիկ ծանրաբեռնվածության վրա ազդող հիմնական հայտանիշներ են հանդիսանում պարտապանի ակտիվների և/կամ պարտատերերի պահանջների մեծությունը:
Անվիճելի է, որ կառավարչին վերապահված հիմնական լիազորությունները հանգում են պարտապանի ակտիվների հավաքագրման, պահպանման և պարտատերերի պահանջների բավարարման ապահովմանը (տես՝ 26.01.2021թ. ՍԴՈ-1572 որոշում), և վերջինիս կողմից իրականացվող բոլոր գործառույթները/աշխատանքները/ ուղղված են նշված լիազորությունների ապահովմանը (կարծում եմ դրանք մանրամասն նշելու կարիք չկա):
Հետևաբար, որքան բարձր է պարտապանի ակտիվների և/կամ պարտատերերի պահանջների մակարդակը, այնքան անհրաժեշտ գործառույթների կատարման համար պահանջվող աշխատաժամի, աշխատատարության մակարդակը բարձր է, այսինքն՝ կառավարչի աշխատանքների ծավալը շատ է /կառավարչի ծանրաբեռնվածության մակարդակը բարձր է/:
Անվիճելի է նաև այն, որ գործերի քանակը կարող է նշված հիմնական հայտանիշների վրա ազդող (դրական կամ բացասական) ոչ պարտադիր, բայց լրացուցիչ գործոն լինել, օրինակ՝ քիչ քանակով գործերը կարող են ունենալ պարտապանի ակտիվների և/կամ պարտատերերի պահանջների ավելի բարձր մակարդակ, և հակառակը:
Բ) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարչի վարձատրության չափը պայմանավորվում է հենց պարտապանի ակտիվների և պարտատերերի պահանջների մակարդակով:
Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝
«1. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքումից գոյացած միջոցներից, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ միջոցներից` չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:
2. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում կառավարչի վարձատրության այլ չափ նախատեսված չէ, ապա կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատական ակտով` պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով`…»:
Ակնհայտ է, որ նշված իրավակարգավորմամբ կառավարչի վարձատրությունը կախվածության մեջ է դրվել պարտապանի ակտիվների և պարտատերերի պահանջների մակարդակից՝ պայմանավորելով վերջնարդյունքով, այն է՝ պահանջների բավարարման չափով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանումից հետևում է, որ աշխատանքներ կատարող անձի վարձատրության չափի որոշման համար նախատեսվում են 3 բնույթի հայտանիշներ՝
• աշխատողի որակավորում,
• աշխատանքի պայմաններ,
• աշխատանքի որակ, քանակ, բարդություն:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում ծառայությունների մատուցման ոլորտում աշխատանքներ կատարող մասնագետների վարձատրման համար լայնորեն կիրառվում են հենց վերոնշյալ հայտանիշները, որոնք էլ հենց ձևավորում են անձի ծանրաբեռնվածության ու պատասխանատվության աստիճանը:
Եթե կառավարչի վարձատրության վերոնշյալ հայտանիշները (պարտապանի ակտիվների և պարտատերերի պահանջների մակարդակ, պահանջների բավարարման չափ) դիտարկենք ծառայությունների ոլորտում կիրառվող վերոբերված հայտանիշների շրջանակում, ապա ակնհայտ է, որ կառավարիչների համար նախատեսված հայտանիշները հանդիսանում են աշխատանքի քանակական հատկանիշները:
Այսինքն՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարչի վարձատրության ինստիտուտում կառավարչի ծանրաբեռնվածության ու պատասխանատվության աստիճանը որոշվում է պարտապանի ակտիվների և պարտատերերի պահանջների մակարդակով: Իսկ ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի N 111-կարգի համաձայն կառավարչի ծանրաբեռնվածության աստիճանը որոշվում է ընթացիկ գործերի քանակով, որը և հանգեցնում է պարզ հակասության:
Դիտարկում 2՝ սոցիալական արդարության վերաբերյալ.
Կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է՝
11. Ծրագիրն իրականացնում է վիճակահանություն՝ հետևյալ սկզբունքներով.
1) վիճակահանությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ ծրագրում ներառված այն կառավարիչների ցանկից, որոնք տվյալ պահին սպասարկում են նվազ քանակով ընթացիկ գործեր և սպասարկում են համապատասխան պահանջագրում նշված պարտապանի վայրին համապատասխանող տարածքը: Սույն ենթակետի իմաստով նվազ քանակով ընթացիկ գործեր ունեցող են համարվում այն կառավարիչները, որոնց կողմից սպասարկվող գործերի քանակը մինչև 40 գործով ավել է տվյալ պահին այդ տարածքում նվազագույն քանակով ընթացիկ գործեր սպասարկող կառավարչի գործերի քանակից: Եթե տվյալ պահին այդ տարածքում նվազագույն քանակով ընթացիկ գործեր սպասարկող կառավարչի գործերի քանակը պակաս է 20-ից, ապա սույն ենթակետի իմաստով նվազ քանակով ընթացիկ գործեր ունեցող են համարվում այն կառավարիչները, որոնց կողմից սպասարկվող գործերի քանակը մինչև 60 գործով ավել է տվյալ պահին այդ տարածքում նվազագույն քանակով ընթացիկ գործեր սպասարկող կառավարչի գործերի քանակից.
ա/ Նշված սկզբունքը ինքնին արդեն ենթադրում է անրդարություն, այսինքն՝ 0 (զրո) գործ ունեցողի և մի քանի տասնյակ գործեր ունեցողների միջև սահմանվում է, ըստ կարգի իմաստի, «հավասար» պայմաններ:
բ/ ծրագրով վիճակահանության իրականացումը չի կարող համարվել «հավասար» պայմաններ, քանի որ այն իրականացվում է մարդու կողմից մշակված որոշակի ալգորիթմներով:
գ/ սնանկության ինստիտուտում այնպիսի կարևոր և էական նշանակություն ունեցող հարցի, ինչպիսին կառավարչի ծանրաբեռնվածությունն է և նրա արժանապատիվ վարձատրություն ունենալու ակնկալիքը (իրավունքը) չի կարող լուծվել վիճակ հանելու կարգով (կախվածության մեջ դնելով, այսպես ասած՝ «պատահականությունից»): Ծրագիրը «պատահականորեն» տասնյակ գործեր ունեցողներին նույն օրվա ընթացքում նույն տարածքում շնորհում է 2 գործ (օրինակ՝ 22.07.2021թ. վիճակահանություն), կամ յոթ օրվա ընթացքում 3 գործ, իսկ 0 (զրո) գործ ունեցողին՝ ոչ մի հատ:
Ասվածը ամբողջապես հասկանալի և պարզ է դառնում վերջին 20 օրվա ընթացքում Երևան քաղաքում անցկացված վիճակահանության արդյունքների ուսումնասիրությունից. Հաշվի առնելով նշյալը (դրան ավելացնելով նաև Դիտարկում 1 բաժնում նշված հանգամանքները), ակնհայտ է դառնում, որ հավասար հնարավորությունների արդարացի բաշխումը բացակայում է, հաստատվում է կառավարիչների միջև սոցիալական անարդարություն, որն էլ իր ազդեցությունն է թողնում ամբողջ սնանկության ինստիտուտի վրա (այդ թվում՝ որակյալ կադրերի ապահովում, վարույթների ողջամիտ սեղմ ժամկետների պահպանում և այլն):
Դիտարկում 3՝ իրավական որոշակիության սկզբունքին անհամապատասխանության վերաբերյալ.
Կարգի վերոնշյալ վիճահարույց դրույթները թույլ չեն տալիս կառավարչին դրանց հետ համատդրելու իր վարքագիծը՝ իր ծանրաբեռնվածությունը որոշելու և համապատասխան արժանապատիվ վարձատրություն ունենալու առումով:
Ասվածը ցայտուն կերպով արտահայտվում է հատկապես համակարգ նոր մուտք գործող կառավարիչների համար:
Դեռևս ոչ մի գործ չունեցող կառավարիչը չկարողանալով որոշել, թե Ծրագիրը երբ և ինչ ծավալի գործ կշնորհի իրեն, կամ արդեն շնորհված գործով վարույթը որքան ժամանակ կպահանջի և/կամ համապատասխան վարձատրություն ստանալու իրավունքը երբ կծագի, պարտադրված պետք է զբաղվի նաև այլ աշխատանքով: Իսկ այլ աշխատանքի ընտրությունը ևս պահանջում է որոշել զբաղվածության ծավալը՝ այդ 2 աշխատանքները համատեղելու կարողությունը գնահատելու համար, որը՝ կախված Ծրագրի «պատահականությունների» սկզբունքից, ևս անհնար է:
Արդյունքում՝ անձը մուտք գործելով համակարգ, անխուսափելիորեն բախվում է Կարգով նախատեսված իրավադրույթների՝ իրավական որոշակիության սկզբունքին չհամապատասխանելու փաստին:
Եվ ինչու չէ, նաև, անձը համապատասխան որակավորում ստանալու նպատակով ծախսելով անհամաչափ երկար ժամանակ, հարյուր հազարավոր դրամներ, ստիպված կլինի չզբաղվել այդ աշխատանքով: