Հայ

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես դառնալ հարթակի օգտատեր

Հանրագրերի միասնական հարթակի օգտատեր դառնալու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային նույնականացման քարտ (eID) կամ բջջային նույնականացման քարտ (mID):

Օգտատիրոջ գրանցումն իրականացվում է առաջին անգամ հարթակ մուտք գործելու ժամանակ:

Էլեկտրոնային նույնականացման քարտի (eID) օգնությամբ մուտք գործելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

  1. նույնականացման քարտը տեղադրել քարտ կարդացող սարքի մեջ, սեղմել «Մուտք» կոճակը և առաջարկվող մուտք գործելու եղանակներից ընտրել «eID» տարբերակը,
  2. մուտքագրել Ձեր նույնականացման քարտի PIN-ծածկագիրը:

Բջջային նույնականացման քարտի (mID) օգնությամբ մուտք գործելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

  1. սեղմել «Մուտք» կոճակը և առաջարկվող մուտք գործելու եղանակներից ընտրել «mID» տարբերակը,
  2. մուտքագրել բջջային նույնականացման քարտի համարը և հաստատել,
  3. հաստատել բջջային հեռախոսի վրա ուղարկված հարցումը և մուտքագրել բջջային նույնականացման քարտի PIN-ծածկագիրը:

Առաջին անգամ հարթակ մուտք գործելու ժամանակ անհրաժեշտ է մուտքագրել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, և գրանցումն ավարտելու համար կատարել անցում՝ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված նամակում առկա հղումով:

Ինչպես հարթակի միջոցով ներկայացնել հանրագիր

Հարթակի միջոցով հանրագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել հարթակ (տես «Ինչպես դառնալ հարթակի օգտատեր» բաժինը) և «ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ՀԱՆՐԱԳԻՐ» բաժնում իրականացնել հետևյալ քայլերը․

Քայլ 1 – ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐ

Եթե հանրագիրը ներկայացնում եք Ձեր անունից․

  1. «Ներկայացման եղանակը» դաշտի արժեքն ընտրեք «Ներկայացնում եմ իմ անունից»,
  2. «ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ» բաժնում լրացրեք Ձեր հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, իսկ ցանկության դեպքում՝ նաև Ձեր հեռախոսահամարը:

Եթե հանրագիրը ներկայացնում եք այլ ֆիզիկական անձի անունից.

  1. «Ներկայացման եղանակը» դաշտի արժեքն ընտրեք «Լիազորված եմ այլ անձի կողմից»,
  2. «Գլխավոր նախաձեռնողը» դաշտի արժեքն ընտրեք «Ֆիզիկական անձ է»,
  3. «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ» բաժնում լրացրեք Ձեր հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, իսկ ցանկության դեպքում՝ նաև Ձեր հեռախոսահամարը,
  4. «ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ» բաժնում լրացրեք հանրագրի գլխավոր նախաձեռնողի անունը, ազգանունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ ցանկության դեպքում նաև՝ հեռախոսահամարը,

Եթե հանրագիրը ներկայացնում եք իրավաբանական անձի անունից.

  1. «Ներկայացման եղանակը» դաշտի արժեքն ընտրեք «Լիազորված եմ այլ անձի կողմից»,
  2. «Գլխավոր նախաձեռնողը» դաշտի արժեքն ընտրեք «Իրավաբանական անձ է»,
  3. «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ» բաժնում լրացրեք Ձեր հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, իսկ ցանկության դեպքում՝ նաև Ձեր հեռախոսահամարը,
  4. «ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ» բաժնում լրացրեք հանրագրի գլխավոր նախաձեռնող հանդիսացող կազմակերպության ՀՎՀՀ-ն, անվանումը, իրավաբանական հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ ցանկության դեպքում նաև՝ հեռախոսահամարը,

Քայլ 2 – ՀԱՆՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  1. «Հանրագրի տեսակը» դաշտում նշեք Ձեր հանրագրի տեսակը՝ կոլեկտիվ կամ անհատական,
  2. Եթե ընտրել եք «Անհատական հանրագիր», ապա «Հրապարակությունը» դաշտում նշեք նաև՝ հանրագիրը հրապարակային է, թե ոչ;
  3. «ՀԱՆՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ» բաժնում լրացրեք «Ներկայացվող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը», «Ոլորտը», «Հանրագրի վերնագիրը», «Հանրագրով ներկայացվող առաջարկը» և «Պաշտոնատար անձի անունը, ազգանունը և պաշտոնը» դաշտերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև «Հանրագրով ներկայացվող հիմնավորումը» դաշտը:
  4. Անհրաժեշտության դեպքում վերբեռնեք փաստաթղթեր և նյութեր:

Քայլ 3 – ՍՏՈՒԳԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Այս քայլով անհրաժեշտ է ստուգել Ձեր կողմից լրացված տվյալները: Եթե տվյալները ճիշտ են լրացված, ապա անցում կատարեք հաջորդ քայլին: Սխալներ հայտնաբերելու դեպքում վերադարձեք նախորդ քայլեր և կատարեք անհրաժեշտ ուղղումները:

Քայլ 4 – ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՀԱՆՁՆԵԼ

Հանրագիրը հանձնելու համար ներբեռնեք Ձեր կողմից լրացված տվյալների հիման վրա գեներացված PDF ֆորմատի ֆայլը, էլեկտրոնային եղանակով ստորագրեք այն (Նույնականացման քարտով էլեկտրոնային ստորագրության ուղեցույց, կամ Mobile ID-ով փաստաթղթերի ստորագրում), և ստորագրված ֆայլը համակարգ վերբեռնելուց հետո սեղմեք «Հանձնել» կոճակը:

Ինչպես միանալ հրապարակային հանրագրին

Հրապարակային հանրագրին կարող են միանալ հանրագիրն էլեկտրոնային միասնական հարթակում հրապարակվելուց հետո` 30-օրյա ժամկետում:

Հրապարակային հանրագրին միանալու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

  1. մուտք գործել հարթակ,
  2. բացել այն հանրագիրը, որին ցանկանում եք միանալ,
  3. սեղմել «Միանալ հանրագրին» կոճակը և հաստատել գործողությունը:

Հրապարակային հանրագրի աջակցությունից հրաժարվելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

  1. մուտք գործել հարթակ,
  2. բացել այն հանրագիրը, որին աջակցելուց ցանկանում եք հրաժարվել,
  3. սեղմել «Հրաժարվել հանրագրից» կոճակը և հաստատել գործողությունը:
Ինչպես կարգավորել Ձեր հաշիվը

Հարթակում Ձեր հաշիվը կարող եք կարգավորել մուտք գործելով «Կարգավորումներ» բաժինը, որը մուտք գործելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

  1. մուտք գործեք համակարգ,
  2. կայքի վերին հատվածի աջ անկյունում Ձեր անվան կողքի սլաքի օգնությամբ բացեք ընտրանին և ընտրեք «Կարգավորումները»:

Էլ. փոստի հասցե

Այստեղ կարող եք փոխել Ձեր գրանցման էլ. փոստի հասցեն: Դրա համար անհրաժեշտ է մուտքագրել նոր էլ. փոստի հասցե, սեղմել «Հաստատել» կոճակը և փոփոխությունն ավարտելու համար կատարել անցում՝ Ձեր էլ. փոստի հասցեով ուղարկված նամակում առկա հղումով:

Ծանուցումներ

Այստեղ կարող եք ընտրել, թե հարթակի կողմից որ տեսակի ծանուցումներն եք ցանկանում ստանալ էլ. փոստով: Ընտրությունը կատարելուց հետո անհրաժեշտ է «Պահպանել» կոճակի օգնությամբ հաստատել փոփոխությունները:

Բաժանորդագրություն

Եթե ցանկանում եք տեղեկացված լինել հարթակում հրապարակվող նոր հանրագրերի մասին, ապա «Բաժանորդագրություն» բաժնում ընտրեք Ձեզ հետաքրքրող ոլորտները և «Պահպանել» կոճակի օգնությամբ հաստատեք բաժանորդագությունը: