PETITION N 40/25
Ministry of High-Tech Industry
Նախարար Մխիթար Հայրապետյան
Telecommunications
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ
1. Ձայնագրությունների պահպանումը ավելի նպատակահարմար է դնել ցանցային օպերատորների վրա։ Նրանք ունեն տեխնիկական առումով ավելի զարգացած ենթակառուցվածք և կարող են ապահովել այդ պահանջը։ Ավելին, վերջիններիս կողմից catch up համակարգի միջոցով տեսաձայնագրությունների պահպանումը, որի իրականացվում է անհամեմատ կարճ ժամկետներով, տարածված պրակիկա է։ 2. 30-օրյա ժամկետի փոխարեն անհրաժեշտ է սահմանել համաչափ ժամկետ ՝ հաշվի առնելով ոլորտի հայաստանյան շուկայի զարգացվածությունը, ֆինանսական հնարավորությունները, սարքավորումներով հագեցվածությունը։ 3. Կարգավորող պետական մարմնի պահանջով տեսագրությունն ու ձայնագրությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում չներկայացնելու պարագայում նախատեսվում է տրամադրված թույլտվության դադարեցում։ Նման պատասխանատվությունը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատասխանատվության միջոցներով, օրինակ՝ տուգանք կամ նախազգուշացում, քանի որ տվյալների չտրամադրումը կարող է հետևանք լինել տարբեր խնդիրների՝ կապի կամ էլեկտրամատակարարման։ 4. Նպատակահարմար է Նախագծի վերաբերյալ կազմակերպել լայն հանրային քննարկումներ։ Խնդրում ենք ապահովել, որ այդ քննարկումներին մասնակցեն ոլորտում գործող բոլոր ներկայացուցիչները, շահագրգիռ ընկերությունները և դերակատարները։ Միայն նման ձևաչափը կարող է ապահովել գործընթացի թափանցիկությունն ու բազմակողմանի քննարկումը ։ Բացի այդ, կարևոր ենք համարում, որ քննարկումների ընթացքում յուրաքանչյուր մասնակից ունենա հավասար պայմաններում իր կարծիքը արտահայտելու, առաջարկություններ ներկայացնելու և դրանք պատշաճ կերպով գնահատելու հնարավորություն։ Մեր ընկերությունը՝ «Թի Վի Կոնտենտ Սերվիս» ՍՊԸ-ն, պատրաստակամ է մասնակցելու այդ քննարկումներին և ներկայացնելու իր փորձի ու գործունեության ընթացքում ձևավորված դիրքորոշումները։ Մենք համոզված ենք, որ նման լայն և ներառական քննարկումների անցկացումը ոչ միայն կնպաստի ոլորտի կայուն և արդարացի զարգացմանը, այլև կապահովի օրենսդրական փոփոխությունների նկատմամբ հանրային վստահությունը։
2025 թվականի օգոստոսի 1-ին e-draft.am կայքում տեղադրվել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Նախագծում առկա են մի շարք խնդրահարույց կետեր և կարգավորումներ։ Սույն հանրագրով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Նախագծում առկա մի շարք կարգավավորումների ոչ իրավաչափության վրա։ Ստորև կներկայացվեն Նախագծի խնդրահարույց կարգավորումները, կներկայացվեն համապատասխան դիրքորոշումներ դրանց վերաբերյալ, ինչպես նաև կներկայացվեն համապատասխան առաջարկներ։ 1. Դիստրիբյուտորների նկատմամբ տեսաձայնագրությունների պահպանման պահանջի անհամաչափությունը և դրա գործնական իրագործելիությունը Նախագծի Հոդված 6-ը նախատեսում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի որոշ փոփոխություններ։ Նշված փոփոխություններից խնդրահարույց է 54-րդ հոդվածի 18-րդ կետը, որը սահմանում է հետևյալ կարգավորումը․ «Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո դիստրիբյուտորը, ինչպես նաև այն ցանցային օպերատորը, որն օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ պայմանագրի հիման վրա վերահաղորդում է իրականացնում, 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները։ Կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե առերևույթ խախտման օրվանից անցել է 30 օր»: Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից բխում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում՝ տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու պարագայում, դիստրիբյուտորը, ինչպես նաև ցանցային օպերատորը պարտավորվում են ներկայացնել 15 աշխատանքային օրվա ընթացքում տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները։ Նշված տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել միայն այն պարագայում, երբ առերևույթ խախտման օրվանից անցել է 30 օր։ Փաստացի, դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների վրա դրվում է պարտականություն՝ պահպանելու տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները մինչև 30 օր։ Նախագծի նման իրավակարգավորումը խնդրահարույց է հետևյալ պատճառաբանություններով․ • «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր են համարվում․ «Հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք»։ Նշված հոդվածից բխում է, որ դիստրիբյուտորը միայն փոխանցում է ծրագրի իրավատիրոջ վերահեռարձակման իրավունքը օպերատորին։ Հեռարձակման և ձայնագրման լիազորություն դիստրիբյուտորը իրավատիրոջ հետ կնքվող պայմանագրով չի ստանձնում։ Դիստրիբյուտորը փաստացի հանդիսանում է իրավատիրոջ հեղինակային իրավունքի պահպանման երաշխավոր և տեսալսողական ծրագրերի անմիջական հեռարձակման, դրա տեսաձայնագրության պահպանման հետ որևէ առնչություն և պարտականություն չունի։ • «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 30-օրյա տեսագրությունների կամ ձայնագրությունների պահպանման պահանջը ենթադրում է դիստրիբյուտորների համար խոշոր ֆինանսական միջոցների ներդրում։ Դիստրիբյուտորը չի տիրապետում տեսաձայնագրություներ իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների, չունի հասանելիություն կապուղիներին ու ենթակառուցվածքներին, ընդ որում օրենսդրությունը դիստրիբյուտորի համար նման պահանջ չի նախատեսում: Տեսալսողական ծրագրերի վերահաղորդման թույլտվություն տալու իրավունքը դիստրիբյուտորները ստանում են դրանց իրավատերերից և այն փոխանցում են ցանցային օպերատորներին, ինչից ակնհայտ է, որ դիստրիբյուտորները տեսալսողական ծրագրերի ֆիզիկական հեռարձակման, դրա տեսաձայնագրության պահպանման հետ կապված որևէ գործառույթ չեն իրականացնում, ուստի ապահովված չեն նաև այդ գործառութը իրականացնելու համար համապատասխան սարքավորումներով։ Ավելին, միջին դիստրիբյուտորի դեպքում սա կարող է նշանակել տարեկան միլիոնավոր դրամների ներդրում (սերվերներ, պահեստավորման ծրագրեր, էլեկտրաէներգիա, անձնակազմ)։ Բացի այդ, անհրաժեշտ կլինի ապահովել նաև անվտանգության և մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմներ։ • Հայաստանյան հեռահաղորդակցության շուկան փոքր է, լիցենզավորված օպերատորները և դիստրիբյուտորները գործում են սահմանափակ շահույթով։ Նման լրացուցիչ ծախսը կարող է դրդել միջազգային իրավատերերին՝ դադարեցնել հայաստանյան շուկայում ներկայությունը՝ շուկան դարձնելով ոչ գրավիչ և ծախսատար։ • Տեսալսողական ծրագրերի իրավատերերը մեծամասամբ պայմանագրերում նախատեսում են հատուկ դրույթ, որով արգելվում է տեսալսողական ծրագրերի տեսաձայնագրությունը՝ մտավոր սեփականությունը պաշտպանելու և ծրագրերի ապօրինի տարածումը՝ ծովահենությունը, կանխելու նպատակով: • Օրենսդրական նոր կարգավորմամբ տեսագրությունների և ձայնագրությունների պահպանման պարտականություն դրվում է և՛ օպերատորների, և՛ դիստրիբյուտորների վրա։ Եթե տեսագրությունները և ձայնագրությունները ստանալու նպատակը պետության վերահսկողական նպատակների իրականացումն է, ապա բավարար է ունենալ մեկ օրինակը։ Քանի որ օպերատորները ունեն տեխնիկական հնարավորություններ, ամենաարդյունավետ լուծումն է ձայնագրության պահպանումը դնել հենց նրանց վրա։ Դիստրիբյուտորների ներգրավումը նույն պահանջով իր բնույթով անհամաչափ է և անհարկի բարդացնում է համակարգը։ Ավելին, տեսաձայնագրությունների դիտման մեկ այլ հնարավորություն կա նախատեսված, որը պրակտիկայում կիրառվում է խոշոր ցանցային օպերատորների կողմից catch up համակարգի միջոցով։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս համակարգի օգտագործման պարագայում նախատեսվում են ավելի կարճ պահպանման ժամկետներ և 30-օրյա պահպանման ժամկետը անհամեմատ երկար է։ 2. Տեսագրությունների կամ ձայնագրությունների չներկայացման դեպքում թույլտվության դադարեցման անհամաչափ իրավական հետևանքները Նախագծի Հոդված 7-ով առաջարկվում է փոփոխություն իրականացնել նաև Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի Հոդված 54.1-ի 2-րդ կետում՝ նախատեսելով հետևյալ կարգավորումը․ «Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը, ինչպես նաև այն ցանցային օպերատորը, որը հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա վերահաղորդում է իրականացնում, կարգավորող պետական մարմնի պահանջով տեսագրությունն ու ձայնագրությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում չներկայացնելը առաջացնում է տրամադրված թույլտվության դադարեցում»։ Փաստորեն, կարգավորող պետական մարմնի պահանջով տեսագրությունն ու ձայնագրությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում չներկայացնելու պարագայում նախատեսվում է տրամադրված թույլտվության դադարեցում։ Այս կարգավորւմը իր բնույթով նույնպես անհամաչափ է, քանզի․ • Նշված ժամկետում տեսագրության ու ձայնագրության չտրամադրելը դեռևս չի նշանակում, որ խախտում եղել է։ • Հնարավոր են տեխնիկական խափանումներ՝ ինտերնետի, արբանյակային կապի կամ էլեկտրամատակարարման խնդիրներ, որոնք կարող են հանդիսանալ չտրամադրման հիմք։ Վերոգրյալի հիման վրա՝ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ Հաշվի առնելով վերը ներկայացված իրավական հիմնավորումները, ռիսկերը և ոչ իրավաչափ կարգավորման սպառնալիքները՝ Ձեր լիազորությունների շրջանակում ապահովեք նախագծի համալիր վերլուծությունը, կազմակերպեք լայն հանրային քննարկումներ՝ ներգրավելով ոլորտում գործող բոլոր ներկայացուցիչներին, շահագրգիռ ընկերություններին և դերակատարներին, հատուկ ուշադրություն դարձնեք ներկայացված խնդիրներին և ձեռնարկեք անհրաժեշտ միջոցառումներ՝ նախագծի ընդունումը բացառելու նպատակով։