PETITION N 26/25
Ministry of High-Tech Industry
-
Other
ԲՋՋԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱԳԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ ՄՈՒՏՔԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ապահովել բջջային նույնականացմամբ մուտքագրման և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության գործնականում կիրառման հնարավորությունը հանրագիր.հայ (e-petition.am) հարթակում
Համաձայն «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ կետի՝ Հրապարակային հանրագրերը ներկայացնելու ձևաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Համաձայն «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3.1-րդ կետի՝ Էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, Էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ի կատարումն նշյալ կարգավորման՝ ՀՀ Կառավարությունը, «06» օգոստոս 2021 թվականի N 1297-Ն որոշմամբ, սահմանել է Էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները, և իր պատասխանատվության ներքո գործում է հրապարակային հանրագրերի՝ հանրագիր.հայ (e-petition.am) հարթակը։ Համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի՝ Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ի կատարումն նշյալ օրենքի վերոնշյալ հոդվածի և 11.1-րդ հոդվածի ընդունված «Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի N 1595-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության՝ 25 մայիս 2017 թվականի թիվ 572-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմիններն էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց «Ինտերնետ» ցանցով էլեկտրոնային ծառայությունների մատուցման հասանելիություն ապահովելու նպատակով մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է իրենց տեղեկատվական համակարգերում ներդնեն և համապատասխան պայմանագրեր կնքեն N 2 հավելվածով սահմանված բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների հետ՝ ֆինանսական միջոցների բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը մանրամասն հաշվարկներով հիմնավորված ֆինանսավորման հայտ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։ Ներկայացված հայտը պետք է ներառի առաջարկություն անհրաժեշտ ծախսերը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով համապատասխան մարմնին հատկացված ընդհանուր միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ կամ նշում դրա անհնարինության մասին: Համաձայն Որոշման 5-րդ կետի՝ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սույն որոշմամբ հաստատված պահանջներին չհամապատասխանող տեղեկատվական համակարգերը պետք է մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը համապատասխանեցվեն սույն որոշմամբ հաստատված պահանջներին և համապատասխան պայմանագրեր կնքվեն բջջային թվային էլեկտրոնային ստորագրության օպերատորների հետ։ Համաձայն Որոշման 6-րդ կետում նշված է՝ Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված և օրենքներով ստեղծված պետական կառավարման մարմինների աշխատակազմերին «Ինտերնետ» ցանցի հետ համակցումն իրականացնել սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի համաձայն, իսկ վերջիներիս կողմից ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով մատուցելիս տեղեկատվական համակարգերում ներդնեն և համապատասխան պայմանագրեր կնքեն N 2 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանող բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների հետ։ Համաձայն Որոշման 2-րդ հավելվածի 3-րդ բաժնի 4-րդ կ ե տ ի ՝ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծված և շահագործվող էլեկտրոնային համակարգերը պետք է տեխնիկական հնարավորություն ունենան էլեկտրոնային ծառայություններ կամ գործողություններ մատուցել և՛ նույնականացման քարտերի կիրառմամբ, և՛ բջջային, և՛ խելացի սարքերի վրա հիմնված էլեկտրոնային թվային ստորագրություններով, իսկ սկսած 2024 թվականի հունվարի 1-ից առցանց հանրային ծառայությունների մատուցման համակարգերում մուտքը պետք է իրականացվի բացառապես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով: Ներկայումս հանրագիր.հայ (e-petition.am) հարթակում բջջային նույնականացման և ըստ այդմ էլ բջջային թվային ստորագրության իրականացման հնարավորություններն առկա են միայն տեսականորեն, բայց նշյալ գործիքները տեխնիկապես առկա չեն, քանի որ դրանցով նույնականացում և ստորագրություն դնելը խափանվում է՝ չիրականացնելով բջջային նույնամանացմամբ մուտքագրման և դրանով թվային ստորագրության իրականացման կոճակների միջոցով տրված հրամանը։ Հաշվի առնելով, որ հրապարակային հանրագրերի հանրագիր.հայ (e-petition.am) հարթակը գտնվում է ՀՀ Կառավարության պատասխանատվության ներքո, և որ վերջինս իր վերոնշյալ որոշումներով սահմանել է պարտադիր պահանջ նաև բջջային նույնականացմամբ մուտքագրման և ստորագրության հնարավորության ապահովման հրամայականը՝ առաջարկում ենք ապահովել բջջային նույնականացման միջոցով (mID) հանրագիր.հայ (e-petition.am) հարթակ անխափան մուտքագրման և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության անխափան իրականացումը հանրագիր.հայ (e-petition.am) հարթակում։