Առաջարկը՝
Փոփոխել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը, շարադրելով այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված համանման դրույթի բովանդակությամբ․
«7. Դատական վարույթը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ անցկացվելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ որոշում է կայացնում գործի քննությունը դռնբաց իրականացնելու վերաբերյալ:»։
Հիմնավորումը՝
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածը կարգավորում է դատական վարույթի հրապարակայնությունը՝ սահմանելով գործը կամ դրա մի մասը դռնփակ դատական նիստում քննելու հիմքերը և ընթացակարգը։ Միաժամանակ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ գործը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ:
Մեր գնահատմամբ՝ նշված իրավակարգավորումը, որի արդյունքում վերադաս դատական ատյանները զրկվում են դատաքննությունը դռնբաց անցկացնելու հարցը քննարկելու, քննությունը դռնփակ անցկացնելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու և պատճառաբանելու հնարավորությունից և լիազորությունից, հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի ուղղակի խախտման: Ի թիվս այլ հիմնավորումների՝ վերադաս դատական ատյաններում հնարավոր է պարզապես վերացած լինեն գործի քննությունը դռնփակ անցկացնելու համար հիմք ծառայած հանգամանքները (օրինակ՝ պետական գաղտնիքի՝ սահմանված կարգով գաղտնազերծման արդյունքում), որպիսի պայմաններում դատաքննության հրապարակայնության սահմանափակումը վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդելու:
Հրապարակային դատաքննության իրավունքը, ի թիվս այլ միջազգային իրավական փաստաթղթերի, երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով։ Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վարույթի հրապարակային բնույթը դատավարության մասնակիցներին պաշտպանում է արդարադատության գաղտնի իրականացումից՝ առանց հանրության կողմից հսկողության. այն նաև այն միջոցներից մեկն է, որոնց միջոցով կարող է պահպանվել դատարանների հանդեպ վստահությունը: Արդարադատության իրականացումը դարձնելով տեսանելի` հրապարակայնությունը նպաստում է 6-րդ հոդվածի 1-ին կետի նպատակին, այսինքն՝ արդար դատաքննության հասնելուն, որի երաշխավորումը ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմարար սկզբունքներից է (Riepan v. Austria, § 27; Krestovskiy v. Russia, § 24; Sutter v. Switzerland, § 26) ։ Հրապարակային դատաքննության իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում։
Չաուշեվը և այլոք ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ «բացառիկ հանգամանքներին» ուղղակի հղումը չի կարող որպես պատճառ բավարար լինել՝ շրջանցելու համար Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմնարար սկզբունքը, այն է, որ դատական նիստը պետք է անցկացվի դռնբաց ( Chaushev and Others v. Russia, nos. 37037/03 and 2 others, § 22, 25 October 2016 )։ Մինչդեռ խնդրո առարկա կարգավորման պարագայում առհասարակ կարող է առկա չլինել որևէ հիմք վերադաս դատական ատյանում գործի քննությունը դռնփակ անցկացնելու համար՝ առաջին ատյանի դատարանում արձանագրված հիմքը վերացած լինելու պայմաններում, սակայն վերադաս դատարանը, այնուամենայնիվ, պարտավորված կլինի դատական նիստը անցկացնել դռնփակ, առանց որևէ հիմնավորման։
Հարկ ենք համարում այս համատեքստում վկայակոչել ԱՊՀ մոդելային քրեական դատավարության օրենսգիրքը (Տե՛ս Модельный уголовно-процессуальный кодекс для государств - участников Содружества Независимых Государств, https://www.icrc.org/ru/doc/assets/files/other/ipa.pdf ), որի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում հրապարակայնության սահմանափակումը անպայմանորեն չի ենթադրում դռնփակ դատական նիստի անցկացում վերադաս դատարանում (հոդված 483):
Ավելին, համանման իրավակարգավորում էր սահմանված նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով, որը փոփոխվել է 07.02.24թ․-ի ՀՕ-82-Ն օրենքով՝ նախատեսելով, որ դատական վարույթը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ անցկացվելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ որոշում է կայացնում գործի քննությունը դռնբաց իրականացնելու վերաբերյալ (ՔԴՕ 17-րդ հոդվածի 9-րդ մաս):
Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ս․թ․ փետրվարին կատարված վերոգրյալ փոփոխությունը՝ նույնաբովանդակ փոփոխության պետք է ենթարկվի նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը։ Ի թիվս վերոգրյալ հիմնավորումների, առկա չեն վարչական և քաղաքացիական դատավարություններում գործի քննության հրապարակայնության սահմանափակման հիմքերի և ընթացակարգերի միջև տարբերակում կատարելու որևէ օբյեկտիվ հիմնավորում։
Այսպիսով, գործը կամ դրա մի մասը վարչական դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում իմպերատիվ կերպով դռնփակ անցկանցելու վերաբերյալ օրենսդրական պահանջը իրավաչափ չէ և հանգեցնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտմանը, քանի որ քննությունը վերադաս ատյանում ենթակա է անցկացման դռնփակ կարգով՝ նույնիսկ այն դեպքում, երբ առկա չէ դատական վարույթի հրապարակայնությունը սահմանափակելու որևէ իրավական հիմք։
Հանրագրի գլխավոր նախաձեռնող՝
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
ldpf.foundation@gmail.com