Հանրագիր N 4/26
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Գարեգին Գեղամի Խաչատրյան
Տրանսպորտ և ավիացիա
Ո՛չ խարդախությանը "Զվարթնոց" օդանավակայանում
Առաջարկվող միջոցառումներ. «Եվրոպայի լավագույն օդանավակայան» բարձր տիտղոսը պարտավորեցնում է ունենալ համապատասխան մակարդակի սպասարկում: Մենք առաջարկում ենք. 1. Տեղեկատվական թափանցիկություն (բազմալեզու մոտեցմամբ). Ժամանման գոտու ելքի մոտ տեղադրել տեսանելի տեղեկատվական վահանակներ մի քանի լեզվով (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն), նշել դեպի Երևանի կենտրոն ուղևորության միջին ֆիքսված արժեքը՝ ՀՀ դրամով: Տեղադրել տաքսի ծառայությունների պաշտոնական հավելվածների QR-կոդերը՝ հստակ պարզաբանմամբ. «Հավելվածի նշած գինը վերջնական է»: 2. Ենթակառուցվածքային լուծումներ. Հանրային տրանսպորտի կանգառի գոտիները և տոմսերի վաճառքի տերմինալները դարձնել առավելագույնս տեսանելի (հստակ նավիգացիա, լուսային ցուցանակներ): Ապահովել ավտոբուսի տոմսերը արտասահմանյան բանկային քարտերով (Visa/Mastercard) գնելու հնարավորություն անմիջապես օդանավակայանում, որպեսզի կանխիկ դրամի բացակայությունը զբոսաշրջիկին չդարձնի անօրինական փոխադրողների պատանդ: 3. Անվտանգություն և իրավական կարգ. Կազմակերպել ոստիկանության աշխատակիցների մշտական ներկայություն ելքի գոտում՝ քաղաքացիներին անհանգստացնելու դեպքերը անհապաղ կանխելու և կոնֆլիկտային իրավիճակները լուծելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ խստացնել լիցենզավորման կանոնների պահպանման վերահսկողությունը օդանավակայանի տարածքում: Եզրակացություն. Անթույլատրելի է, որ անբարեխիղճ անձանց անձնական շահերը վնաս հասցնեն պետության հեղինակությանը: Կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին պաշտպանել «Զվարթնոցի» կարգավիճակը և ըստ արժանվույն ապահովել Երևան այցելող հյուրերի անվտանգությունը։
ԲԱՑ ՆԱՄԱԿ. «Զվարթնոց» օդանավակայանի միջազգային կարգավիճակին անհամապատասխան տրանսպորտային սպասարկման վերաբերյալ Ում՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Երևանի քաղաքապետարանին ՀՀ ներքին գործերի նախարարությանը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրինությանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին Թեմա՝ Չլիցենզավորված փոխադրողների գործունեության կանխման և Հայաստանի զբոսաշրջային հեղինակության պաշտպանության միջոցառումների մասին: Դիմում. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը մեր երկրի հպարտությունն է: 2025 թվականին այն վերահաստատել է իր բարձր կարգավիճակը՝ արժանանալով ASQ Customer Experience Awards մրցանակին որպես «Եվրոպայի լավագույն օդանավակայան» և «Ամենանվիրված անձնակազմ ունեցող օդանավակայան»: Սակայն այս հեղինակավոր կարգավիճակը և Հայաստանի հյուրընկալ մթնոլորտը խաթարվում են հյուրերի՝ երկիր ժամանելու առաջին իսկ րոպեներին՝ ժամանման գոտում չլիցենզավորված փոխադրողների քաոսային և հակաիրավական գործունեության պատճառով: Խնդրի նկարագրությունը․ Տերմինալի ելքի մոտ պարբերաբար գործում են անձանց խմբեր, որոնք մասնավոր ուղևորափոխադրումներով զբաղվելիս հաճախ կիրառում են խարդախ սխեմաներ: Օգտվելով լեզվական պատնեշից և զբոսաշրջիկների շփոթմունքից՝ նշյալ անձինք. Մանիպուլացնում են ծառայության արժեքը: Նշում են գինը՝ չհստակեցնելով արժույթը, իսկ ուղևորության վերջում պահանջում են վճարում ռուսական ռուբլով կամ ամերիկյան դոլարով՝ ՀՀ դրամի նկատմամբ 1:1 փոխարժեքով: Նրանք թաքցնում են սակագնի պայմանները․ տեղ հասնելուն պես հայտարարում են, թե հնչեցված գումարը «մեկ կիլոմետրի արժեքն էր»՝ վերջնական գինը ուռճացնելով 3-10 անգամ: Դրսևորում են անպատշաճ վարքագիծ: Այս անձանց աշխատանքն ուղեկցվում է կոպտությամբ, տարրական բարեկրթության բացակայությամբ և չափազանց "կպչուն" սպասարկմամբ, որ վերածվում է կոշտ հոգեբանական ճնշման: Նման միջադեպերը ոչ միայն հակաօրինական են, այլև լուրջ վնաս են հասցնում երկրի ընդհանուր մթնոլորտի մասին առաջին տպավորությանը՝ հյուրերի մոտ ստեղծելով վտանգի և խաբվածության զգացում՝ սպասված ջերմության փոխարեն: